Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց բռնության կոչերի համար

Տաթևիկ Վիրաբյանն իր գրառումներում զանգվածային անհնազանդության, շենքեր գրավելու կոչեր էր արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվեց բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Վիրաբյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Նա Ֆեյսբուքում մի շարք գրառումներ էր արել. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք` արեք, ասեք` բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո՛, զանգվածային անկարգություններ ա պետք, շենքեր գրավել ա պետք…»։
Մեկ այլ գրառման մեջ էլ գրել է. «Մահ Նիկոլին, ազատություն Արցախին», իսկ մյուսում էլ` «Ավելացնում եմ, որ Նիկոլին, իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։
ՔԿ–ից հայտնէլ էին, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։
Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։