Ծանր վիճակում գտնվող 23 արցախցի վիրավորներն արդեն Հայաստանում են. տեսանյութեր

Ավելի վաղ բուժաշխատողները ակցիա էին իրականացրել Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մոտ` պահանջելով իրենց թույլ տալ Արցախ մեկնել։
Sputnik
Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 23 արցախցիներին տեղափոխող շտապօգնության մեքենաներն արդեն Հայաստանի Հանրապետությունում են։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Շտապօգնության մեքենաներն ուղեկցում է Կարմիր խաչը։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սյունիքից Երևան եկող ճանապարհին հանդիպել է վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենաներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 23 շտապօգնության մեքենաներով բժիշկների խումբը մեկնել էր Արցախ` ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցներին հայաստանյան բուժկենտրոններ տեղափոխելու համար։
Սեպտեմբերի 22-ին Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Նա նշել էր, որ ԿԽՄԿ-ն համաձայնել է ուղեկցել մեքենաները։ Սեպտեմբերի 23-ին տեղեկություններ տարածվեցին, որ բժիշկների առաջին խումբն արդեն ճանապարհվել է Արցախ։
Սեպտեմբերի 22-ին մի խումբ բուժաշխատողներ ակցիա էին իրականացնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջում էին ապահովել իրենց մեկնումն Արցախ, ինչպես նաև րոպե առաջ տարհանել վիրավորներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։