Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառում են արել. վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել

Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները դիզվառելիք են խառնել բնակչությանը մատակարարվող խմելու ջրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառումներ են կատարել, վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շտաբից հայտնում են, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն նմուշառում կատարելու որոշում է կայացրել քաղաքացիներից ստացված բազմաթիվ ահազանգերից հետո։
Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները դիզվառելիք են խառնել բնակչությանը մատակարարվող խմելու ջրին, որովհետև ջրամատակարարման ցանցը նրանց վերահսկողության տակ է անցել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։