ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել ԼՂ-ից տեղահանվածների առաջին խումբը։ Տեղեկությունը հայտնում է RT–ի Telegram ալիքը։
«Մի քանի մեքենա եկավ։ Կանայք և երեխաները սկզբում մտնում են գրանցման կենտրոն, որը գտնվում է Լաչինի միջանցքի հարևանությամբ»,- Կոռնիձորից հայտնել է RT թղթակիցը։
Նշվում է, որ սպասվում է նաև շտապօգնության մեքենաների շարասյուն, որպեսզի բոլոր վիրավորներին կարողանան տեղափոխել ՀՀ հիվանդանոցներ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։