Նոր կյանք՝ հին ավանդույթին․ գյումրեցի եղբայրները փորձում են վերականգնել օդաների գաղափարը

«Իմաստության տունը»
Հավաքատեղիների, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ օդաների շնորհիվ են մեզ հասել շատ պատմություններ ու ավանդազրույցներ։
Sputnik
Խոտհարքից կամ գյուղատնտեսական այլ աշխատանքներից հետո հավաքվելու, նորությունները միմյանց պատմելուև պատմություններ ներկայացնելու հայկական հին սովորությունը վերականգնելու նախաձեռնությամբ են հանդես եկել գյումրեցի եղբայրները` Ավիկ ու Հրաչ Վարդանյանները։ Հայրենի քաղաքում «Իմաստության տունը» հենց այդ նպատակով են նրանք հիմնել, նաև մարդկանց անմիջական շփումը վերականգնելու համար։
Ավիկ ու Հրաչ Վարդանյանները
Հնում, հիմնականում գյուղերում, եղել են տարածքներ, որտեղ դաշտային աշխատանքներից հետո մարդիկ հավաքվել են, ասել-խոսել։ Տուն-հավաքատեղիներում մարդիկ զբաղվել են հեքիաթասացությամբ, զրուցել, երգել։ Հավաքվում էին նաև գյուղ այցելած ցանկացած հյուրի շուրջ, լսում ինչ կա-չկա աշխարհում։ Դրանք նոր գաղափարների, պատմությունների ու լուրերի տարածման և սերունդներին փոխանցման համար էին։ Հենց այս հավաքատեղիների, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ օդաների շնորհիվ են մեզ հասել շատ պատմություններ ու ավանդազրույցներ։ Ի դեպ, այսպիսի կառույցներ ու ավանդույթներ աշխարհի շատ ազգեր են ունեցել։
Թեև այդ տարածքները հիմնականում օդաներ են կոչվել կամ գլխատուն, Վարդանյան եղբայրներն ավելի հակված են այն «Իմաստության տուն» կոչել, ինչն ավելի է շեշտում տարածքի նշանակությունը։
«Իմաստության տաը» ինտերիերը
Տարածքը Գյումրիի Տիգրան Մեծի 11 հասցեում գտնվող բնակարանն է, որը վաղուց ունեն։ Արվեստագետ եղբայրների (Ավիկը ճարտարապետ է, Հրաչը`նկարիչ) համար տարածքին նոր ու կոլորիտային շունչ տալը դժվար չէ, դժվարը գաղափարը ներկայացնել է։
«Կյանքի գնով իրականացրինք։ Դժվար էր շատ՝ ստանդարտ չէ, ու ամեն ինչ մտածված է։ Այստեղ ցանկացած մարդ կարող է գալ ու իր իմացածը, իր իմաստությունը ներկայացնել»,- Sputnik Արմենիային ասում է Ավիկ Վարդանյանը։ Նա քաջ գիտակցում է, որ ինֆորմացիայի արագ տարածման ձևեր այսօր շատ կան, դեմ առ դեմ հանդիպումների փոխարեն ինֆորմացիայի տարածման հիմնական աղբյուրը հիմա համացանցն է, տարածք, որը ցավոք, չի կարող այն նպատակն ու արժեքն ունենալ, ինչ անմիջական շփումն է։
Հյուրեր «Իմաստության տաը»
«Այստեղ լինելու են բազմաթիվ մշակութային, թեմատիկ օրեր՝ երաժշտությանը, արվեստին, պոեզիային նվիրված: Օդան նոր կյանք է տալու հին ավանդույթներին։ Այն նպատակ ունի նաև նպաստել Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այսօր աշխարհում մեծ թափ է ստանում մշակութային զբոսաշրջությունը։ Սա վայր է, որտեղ մարդիկ կարող են գալ ու շփվել`իրենց մտքերը ներկայացնել »,-հավելում է Հրաչ Վարդանյանը։ Նշում է` ճիշտ է Գյումրին մշակութային քաղաք է, որը զբոսաշրջիկների պակաս վերջին տարիներին չունի, բայց նմանատիպ վայր չուներ։ Տարածքը հնարավորություն կտա մարդկանց մեկ վայրում հաղորդակցվելու։
«Իմաստության տաը» ինտերիերը
Եղբայրներն ակնկալում են, որ գիտնականներ, ազգագրագետներ, մշակութաբաններ ու արվեստագետներ շատ կլինեն, ովքեր ցանկություն կհայտնեն գալ ու իրենց գիտելիքը ներկայացնել ցանկացողներին։
Եղբայրները նշում են`«Իմաստության տունը» ժառանգություն է անցյալից՝ անցյալի հետ հաղորդակցվելու տարածք, բայց կա նաև գալիքը ։ Դա էլ հիմնականում արվեստի հետ կապված կոնցեպտ է, որը կյանքի կոչելու գաղափար եղբայրներն ունեն։
«Իմաստության տունը» բաց է բոլոր ցանկացողների համար, իսկ շաբաթական երկու օր հատուկ հրավիրված հյուրերը կշփվեն այցելուների հետ։
«Իմաստության տաը» ինտերիերը