ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Միլանում սեպտեմբերի 23-ին կազմակերպվել է հատուկ ցուցահանդես` «The other side»` Արցախում կատարվող ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ցուցահանդեսի կազմակերպիչը նորձաևության բիզնես–խորհրդատու, գործարար Տարիել Բիշարյանն է։
«Իրականում չկա ուրիշ կողմ... կա միմիայն հայկական Արցախ»,– գրել է Բիշարյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Ցուցահանդեսի ժամանակ Բիշարյանը ներկայացրել է արցախյան հակամարտության վերջին շրջանի ամենադաժան դրվագներից մի քանիսը։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանցիները կտրեցին հայ զինծառայող կնոջ ոտքերը, աչքը հանեցին` տեղը քար դնելով։ Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչը շաբաթներ առաջ մահացավ քրոնիկ թերսնման և սպիտակուցի պակասի հետևանքով։ Գյումրի–Երևան ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհված արցախցի 21-ամյա ուսանողուհի Հելեն Դադայանի մարմինն արդեն մեկ ամիս է՝ Գորիսի դիահերձարանի սառնարանում է, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս այն տեղափոխել հայրենի գյուղ` Ճարտար։
Բիշարյանը, մեկնաբանելով ցուցահանդեսի արդյունքները, նշում է, որ այն բավականին արդյունավետ էր Արցախում կատարվողը Միլանում պատմելու տեսանկյունից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։