ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը թույլ կտա Հայաստանին օգտվել ՄՔԴ-ի հնարավորություններից՝ ապահովելու երկրի արտաքին անվտանգությունը, այն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Այս մասին որոշումը կայացվել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մեխանիզմները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունը ապահովելու համար»,–ասաց ՀՀ վարչապետը։
Կառավարության ղեկավարը դիմեց միջազգային հանրությանը` կոչ անելով հարգել մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը։ Փաշինյանը շեշտեց` ձեռնարկվելու են բոլոր միջոցներն անկախությունը պաշտպանելու համար։
«Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները` համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այս շարքում դիտարկում է ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022թ. հոկտեմբերին Պրահայում, մայիսին` Բրյուսելում ձեռք բերած պայմանավորվածությունները, որով Խորհրդային Հայաստանի պետական սահմանները դե յուրե արձանագրվում են որպես ՀՀ պետական սահմաններ։
Նիկոլ Փաշինյանն այս շարքում է դիտարկում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը, ըստ նրա, Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից։ Նրա խոսքով` Հռոմի ստատուտի վավերացման որոշումը կայացվեց 2022թ. դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ` ՀԱՊԿ և հայ–ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու համար։
«Այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ–ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,– ասաց վարչապետ Փաշինյանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։