ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄն պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակիչների համար։ Իր մտահոգությունը նա հայտնել է սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Ինչպես հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Բլինկենը Փաշինյանի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
«Բլինկենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և կատարել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները»,– նշված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Պետքարտուղար Բլինկենը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի իր զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։