Աշխարհը պետք է կամք դրսևորի այն երկրի նկատմամբ, որը գործում է ուժի իրավունքով. Միրզոյան

Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ում. Արխիվային լուսանկար
Ցավոք, Հայաստանի առաջ կանգնած է գործընկեր ոչ թե խաղաղության հասնելու համար, այլ երկիր, որը բացահայտ հայտարարում է` «ճշմարտությունն ուժի մեջ է»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Համաշխարհային հանրությունը պետք է հստակ քաղաքական կամք դրսևորի այն երկրի նկատմամբ, որը բացահայտ գործում է ուժի իրավունքով։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ–ի ԳՎ–ին իր ելույթում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի կառավարությունը, անկեղծորեն հավատալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, զգալի քայլեր է արել դրանց հասնելու համար։
«Ցավոք, մեր առաջ կանգնած է գործընկեր ոչ թե խաղաղության հասնելու համար, այլ երկիր, որը բացահայտ հայտարարում է` «ճշմարտությունն ուժի մեջ է» և անդադար կիրառում այն», – հայտարարել է Միրզոյանը։
ԳՎ նիստի օրերին սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ակնհայտ քամահրանք է դրսևորում համաշխարհային հանրության նկատմամբ, ընդգծել է նա։
Ինչպես հայտարարել է Միրզոյանը, ուղերձը շատ պարզ է. «Կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք պատերազմ կսկսենք, և դուք ոչինչ չեք կարողանա փոխել»։ Միջազգային հանրությունն ու ՄԱԿ–ը պետք է քաղաքական ուժեղ կամք ցուցաբերեն և դատապարտեն դա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։