ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի և Նիդեռլանդների նորանշանակ արտգործնախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումները կայացել են Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում։
«Կոլոննայի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին»,– ասված է հաղորդագրությունում։
Սլոթի հետ հանդիպմանը Միրզոյանն ասել է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը։
Նա ընդգծել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում, և վերահաստատել է ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ադրբեջանական նկրտումները զսպելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման կարևորությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։