Պրահայի հռչակագրում մոռացել են գրել ԼՂ հայերի իրավունքների մասին. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ի սկզբանե Ռուսաստանը ելնում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու անհրաժեշտությունից։
Sputnik
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և որոշ հայ քաղաքական գործիչների քննադատությանը:
Նրա խոսքով` Հայաստանում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում կա հզոր լոբբի` ի դեմս արևմտյան ֆինանսավորմամբ ստեղծված կազմակերպությունների, որոնք առաջ են մղում ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների շահերը, իսկ այն, որ այդ շահերը Ռուսաստանի ազդեցությունը խաթարելու համար են, փաստ է։
Լավրովը նշել է, որ, ցավոք, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար ինքն է յուղ լցնում կրակին։
«Եվ երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին ղարաբաղյան խնդրի համատեքստում Ռուսաստանի դերի մասին, Հայաստանի խորհրդարանի նախագահը չամաչեց հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանցուն տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2020 թվականի նոյեմբերին։ Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9 – ի եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ենթադրվում էր, որ Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է ու կդիտարկվի ավելի ուշ»,– ասել է նա։
Ըստ ՌԴ արտգործնախարարի` երբ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ Պրահայում ստորագրեց փաստաթուղթը` ճանաչելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Ռուսաստանին մեղադրելն անընդունելի է։
«Ի դեպ, այդ փաստաթղթում (նկատի ունի Պրահայի հռչակագիրը. խմբ.) նրանք մոռացել են գրել ԼՂ հայերի իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին», - նկատել է նախարարը:
Վերադառնալով Մոսկվայի հասցեին հնչող քննադատություններին ՝ Լավրովը վստահեցրել է, որ ռուսական կողմը դրան վերաբերվում է որպես արհեստականորեն սրվող կրքերի։
Հիշեցնենք` 2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ ձեռնամուխ եղան ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։
ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցեց Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
2023 թվականի մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։