Նիկոլ Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն չունի. Արայիկ Հարությունյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմը ղեկավար Արայիկ Հարությունյանը հերքում է լուրը, թե Նիկոլ Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն ունի։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ համացանցում պտտվում էր Նիկոլ Փաշինյանի «կանադական անձնագրի» լուսանկարը, որին կից օգտատերերը գրում էին, թե նա շուտով պատրաստվում է փախուստի դիմել։
«Վարչապետն ունի բացառապես մի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության»,– գրել է Հարությունյանը։
Համացանցում տարածված լուսանկարը
Նա նաև հերքել է լուրերը, թե Երևանում անցկացվող ակցիաների պատճառով պարետային ժամ է սահմանվելու։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։