ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Բուրիչի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավունքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարը վերահաստատել է, որ հստակ քայլեր են անհրաժեշտ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։
Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:
Միրզոյանի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետհանդիպման մասին հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։