Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ստեփանակերտ։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Բեռի հիմնական մասը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար։
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո առաջին անգամ է, որ մեր կազմակերպությունը կարողացել է սննդային պարագաներ հասցնել տեղի բնակչությանը: Միևնույն ժամանակ մեր թիմերն աշխատում են, որպեսզի կրկնվի նման աջակցությունը` տարբեր կարիքները և հնարավորությունը քննարկելով նաև որոշում կայացնողերի հետ»,– ասել է նա:
Ավելի վաղ Բաքվում հայտարարել էին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար պայմաններ են ստեղծվել Լաչինի միջանցքով և Աղդամի երթուղով պարենի, դեղորայքի և մանկական սննդի տեղափոխման, կազմակերպության ադրբեջանական և ժնևյան գրասենյակներից աշխատակիցներ ուղարկելու համար:
Իսկ Լեռնային Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերի լուծման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում էփոխվարչապետ Շահին Մուստաֆաևը (նա համակարգում է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները. խմբ.):
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։