Իրազեկման քայլերթ Երևանում. ակցիայի մասնակիցները հասել են կառավարական ամառանոցներ

Ակցիայի մասնակիցները որոշել են մտնել բակեր ու մարդկանց կոչ անել, որ գան Հանրապետության Հրապարակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ այս պահին իրազեկման քայլերթ են իրականացնում Երևանում։
Նրանք քայլում են փողոցներով և անցորդներին հորդորում հանուն Արցախի փրկության միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող հավաքներին։
Ակցիայի մասնակիցները մի պահ դուրս եկան մայթից և սկսեցին քայլել Բաղրամյան պողոտայով, սակայն ոստիկանների հորդորով վերադարձան հետիոտնի համար նախատեսված գոտի։
Նրանք կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի մոտ, որտեղ արդեն շղթա էին կազմել ոստիկանները։
«Ամո՛թ, ամո՛թ»,– վանկարկեցին ակցիայի մասնակիցները և շարունակեցին երթը` հայտարարելով, որ մտնելու են բակեր, որպեսզի բոլորին իրազեկեն, թե ինչ լրջագույն վտանգի առաջ են կանգնած Արցախն ու Հայաստանը։ Այժմ նրանք հասել են կառավարական ամառանոցներ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։