Այսօր դժվար գտնվի մեկը, ով այցելի Գյումրի ու իր անունը չթողնի հայտնի պատի վրա։ Սա Գյումրիում «հավերժ մնալու» հնարավորություն է։ Քաղաքի «Վառեմ-մարեմ» արվեստանոցի հարևանությամբ գտնվող, հայատառ ու լատինատառ տարբեր անուններով «զարդարված» պատը օրեցօր երկարում է. ավելի քան քսան հազար հայատառ, մոտ հինգ հազար լատինատառ անուն կա պատին։
Պատն ամբողջությամբ ինտերակտիվ է. այցելուն տառերը սեղանիկից ընտրում է, խաչբառային սկզբունքով (արդեն գրված որևէ տառ ընտրելով որպես սկզբնական) ամրացնում, ապա իր ցանկացած գույնով ներկում է դրանք։
Անունների պատը Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Քաղաքական գործիչներ, գեղեցկության մրցույթների մասնակիցներ, երաժիշտներ, արվեստագետներ կամ պարզապես զբոսաշրջիկներ, որոնք Գյումրի են գալիս ու տեղեկանում պատի մասին՝ շտապում են հավերժացնել իրենց անունը այդտեղ։
Շուշան Քեշիշյանն արդեն երրորդ անգամ է այցելում Գյումրի։ Մեր խնդրանքով փնտրում- ցույց է տալիս իր անունը։
Շուշան Քեշիշյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Հետաքրքիր միտք է՝ մարդկանց գրավող։ Հաջորդ անգամ էլ, որ գալիս ես, փորձում ես գտնել քո անունը»,-ասում է նա։ Սոնյա Սարիբեկովան էլ 10-ամյա թոռնուհու՝ Եկատերինայի հետ է Ռուսաստանից եկել. սա առիթ է նաև նրա անունը թողնել պատին։
Forever In Gyumri նախաձեռնությունը մեկնարկել է 2022 թվականի մայիսի 28-ին։
Միկա Վարդպարոնյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
««Վառեմ-մարեմ» կավագործության արվեստանոցի վարպետության դասերին Սևանից Պոլինա անունով մի աղջիկ եկավ, ով առաջարկեց կավե փոքրիկ տառերով քաղաքի տարբեր հատվածներում հավաքել «Վառեմ-մարեմ»-ը։ Այսպես կավից պատրաստեցինք փոքր տառեր ու քաղաքի տարբեր հատվածներում, որպես գովազդ, հավաքեցինք արվեստանոցի անվանումը»,- ասում է արհեստանոցի համասեփականատերը՝ Միկա Վարդպարոնյանը` հավելելով՝ որպես շնորհակալություն գաղափարի համար՝ արվեստանոցին կից պատին հավաքեցին «Thank you Պոլինա»։ Ավելի ուշ դրա կողքին հայտնվեցին արվեստանոցի աշխատակիցների անուները։
Ավելի ուշ որոշվեց այդ հնարավորությունը տալ մյուսներին։
«Քանի որ ամեն մի անուն շարունակություն է մեկ այլ մարդու անվան, պատը համենատեցինք տոհմածառի հետ։ Հավաքեցինք մեր անուները, մեր ընկերների անունները, հետո՝ զբոսաշրջիկներ միացան, ու մեկ անունից սկսվեցին նոր անուններ ճյուղավորվել»,-ասում է Միկան նշելով՝ 1 տարի 3 ամսում պատի վրա հայտնվել են գրեթե 25 հազար անուն աշխարհի գրեթե բոլոր երկրներից, տարբեր ազգություններից։
Տոհմածառ-պատը նաև շարունակականության խորհրդանիշ է. կան մարդիկ, որոնք եկել են պատի մոտ իրենց երեխայի անունն ընտրելու։
Նախաձեռնության հեղինակները հուսով են, որ շուտով պատը հայտնի կդառնա նաև այլ երկրներում ։
Մենք ևս մեր անվանումը՝ «Սպուտնիկ»-ը թողեցինք պատին՝ հույսով ու վստահությամբ, որ այն միշտ կմնա որպես Գյումրիի մի մասնիկ։