ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Կարմիրբերետավորները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկում իրազեկման ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ խաղաղ ակցիաներ են անցկացնում Երևանում։
Նրանք քայլում են փողոցներով և անցորդներին հորդորում հանուն Արցախի փրկության միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող հավաքներին։
Իրազեկման ակցիան մեկնարկել է Հանրապետության փողոցից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։