Ադրբեջանական զորքը Ստեփանակերտ չի մտել. Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է լուրը

Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս հայտարարությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հայտնել էր, որ ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։
«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում»,– հայտարարել է Արցախի տեղեկատվական շտաբը` հորդորելով տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։