ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 84 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
«Ակցիայի 84 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակ են եղել Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Ամիրյան, Թումանյան փողոցները, Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։
Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ։ Նրանք կոչ էին անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։
Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։ Իսկ Ամիրյան փողոցից բռնի ուժի կիրառմամբ բերման էր ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան դաժան ծեծի են ենթարկել, նա տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։