Շուռնուխում նոր տների կառուցումը կավարտվի նոյեմբերի 30-ին. գործադրի նոր խոստումը

Շուռնուխի նոր կառուցվող տները
Ադրբեջանի հարձակումից կորցրած տների փոխարեն շուռնուխցիների համար նոր տները պետք է հանձնված լինեին դեռ 2021-ի վերջին։ Ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ 228 մլն դրամ գումար։
Գումարի հատկացման մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու` Շուռնուխում նոր բնակելի թաղամասի կառուցելու հիմնավորմամբ։
Միաժամանակ կառավարությունը նույն որոշմամբ նաև նոր վերջնաժամկետ է սահմանում` այս անգամ` 2023 թվականի նոյեմբերի 30-ը։
Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ` 2021թ–ից սկսած։
Հերթական անգամ վերջնաժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը գործադիրը բացատրում է նրանով, որ նախորդ տարիներին, սահմանային միջադեպերով պայմանավորված, շինարարական աշխատանքները պարբերաբար դադարեցվել են, բացի այդ` Շուռնուխ տանող գրունտային ճանապարհը փլուզման հետևանքով անանցանելի է դարձել։
Նշվում է նաև, որ սահմանամերձ գյուղի նոր թաղամասի տարածքում խմելու ջուր չի մատակարարվում, ուստի անհրաժեշտ է ջրամբար կառուցել, ինչն իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 խմ տարողությամբ ջրամբարը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։
Ուշացնում ենք. Փաշինյանը Շուռնուխում կառուցվող 13 տան շինաշխատանքների մասին
Ծրագրի իրականացմանը խոչընդոտում է նաև տարածքով անցնող բարձրավոլտ էլկտրասնուցման գիծը, որի տեղափոխությունն իրականացվելու է կառուցապատողի ֆինանսավորմամբ։
Նշենք, որ Շուռնուխ նոր բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը շուրջ 1,2 մլրդ դրամ է, որից 2022 թվականի դրությամբ մնացորդը կազմում է 228 մլն դրամ:
Բնակելի թաղամասի ավարտն ապահովելու համար կառավարության հաշվարկով անհրաժեշտ է 2023 թվականի բյուջեից հատկացնել ևս 228 մլն, ինչն է արվել է այսօրվա որոշմամբ։
Նշենք, որ 2 շաբաթ առաջ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը հետաձգվելու է մինչև 2023 թվականի վերջ, երբ կավարտվի ջրագծի կառուցումը։
ՀՀ իշխանություններն արդեն 4 անգամ խախտել են Շուռնուխի նոր թաղամասի կառուցման իրենց իսկ սահմանած վերջնաժամկետները։ Ի սկզբանե նախատեսվում էր 13 տուն հանձնել 2021 թ. վերջին:
Հարևանների տանն ենք լողանում. Շուռնուխի բնակիչները սպասում են նոր տների կառուցմանը