ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում կհիմնվի հումանիտար կայան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Կայանի նպատակն, ըստ կառավարության, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելն է, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելը, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելը։
Հումանիտար կայանը ծառայելու է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։
Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։