Գյումրիում երիտասարդներն իրազեկման ակցիա են անցկացնում բուհերում

Երիտասարդները հորդորում են միանալ դասադուլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Գյումրիում մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են անցկացնում բուհերում։
Նրանք առաջարկում են միանալ համազգային դասադուլին և պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։
Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։