Երևանի կենտրոնում ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ցուցարարներին բերման է ենթարկում

Բիրտ ուժ կիրառելով` բերման ենթարկեցին նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին։
Sputnik
Ոստիկանները Ամիրյան փողոցից բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են «կարմիրբերետավորները» ոտքերով ու ձեռքերով հարվածում ցուցարարներին։
Նման կերպ բերման են ենթարկում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին։
Նրանք ցուցարարներին բռնությամբ մտցնում են ավտոմեքենաներն ու տանում։ Ընթացքում որոշ ցուցարարների ինքնազգացողությունը վատացել է։
Ծեր կնոջ ինքնազգացողությունը վատացել է ոստիկանների բռնի գործողություններից
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։