ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Քննիչը միջնորդել է կալանավորել զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, որը ձերբակալվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը։
«Այս պահին զոհված զինծառայողների ծնողները հասնում են Մալաթիայի համայնքապետարանի քննչական կոմիտեի բաժին»,– ասաց նա։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները երեկ` սեպտեմբերի 21-ին, ՔՊ–ական պատգամավորներին թույլ չէին տվել մտնել Եռաբլուր։ Չնայած նրան, որ ոստիկանները փորձել էին իրավիճակը կարգավորել, զոհվածների հարազատներից մեկը հարվածել էր Հովիկ Աղազարյանի դեմքին։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պատգամավորին հարվածած տղամարդը ձերբակալվել է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը անձի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից)։