ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստի հարցում կոնսենսուսի չի հասել, քանի որ Հունգարիան և մի շարք այլ երկրներ ներկայացրել են իրենց դիտարկումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուր էր տարածվել, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ Եվրամիության անդամ 27 երկրների ընդունած համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան վետո է կիրառել համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ։
«Հունգարիան և մի շարք այլ անդամ երկրներ համատեղ հայտարարության վերաբերյալ դիտողություններ են արել, կոնսենսուսի հասնել չի հաջողվել, ուստի ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել իր անունից»,- գրել է Սիյարտոն։
Նա հայտնել է նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտգործնախարարների հանդիպում է կայանալու։ Մինչ այդ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն ներկայացրել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։
«Հունգարիայի դիրքորոշումն այստեղ ևս հստակ է. պատերազմի փոխարեն խաղաղություն է պետք, տարիներ ու տասնամյակներ անց եկել է Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ տալու ժամանակը»,– ընդգծել է Սիյարտոն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։