ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրան ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հումանիտար ծանր իրավիճակը: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Անդրադարձել ենք սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին»,– նշել է Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:
Նշենք, որ Կլաարն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։