ՌԴ զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին զենք-զինամթերքի հանձնումը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ խաղաղապահների Telegram–յան ալիքը։
«Բացի այդ, ԼՂ զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը Եվլախի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետներ, հակատանկային կառավարվող հրթիռներ և շարժական զենիթահրթիռային համալիրներ։
Այս գործողություններն իրականացվում են ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։