ՌԴ խաղաղապահները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, զորախմբի հրամանատարության միջնորդությամբ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է գտնվել 1340 մարդ, որից 607-ը՝ երեխա:
Նշվում է, որ ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահների ուժերով իրականացվել է խաղաղ բնակչության տարհանում Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից: Բոլոր տարհանված բնակիչներն ապահովված են կացարանով և տաք սննդով։
Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակիչներին:
ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է աջակցել Ստեփանակերտի և Բաքվի հետ շարունակական փոխգործակցությանը, որն ուղղված է արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։