Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու

ՌԴ խաղաղապահ առաքելությունը շարունակական կապ է պահպանում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղությունը կանխելու համար։
Sputnik
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ՌԴ խաղաղապահները Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից տարհանել են խաղաղ բնակչությանը։ Շուրջ 5 հազար մարդ տեղափոխվել է խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր», - նշված է հայտարարության մեջ։
Տարհանվածներին տաք սնունդ է տրամադրվում։ Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները նրանց ցուցաբերում են բժշկական օգնություն։
Նշվում է նաև, որ պահպանվում է Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման և մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովման համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: