Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ի իրավիճակը

Նյու Յորքում կայացել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սաուդ Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահ Ալ Սաուդի և Արարատ Միրզոյանի հանդիպումը
Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության իր գործընկերոջը պատմել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային դերակատարները խստորեն դատապարտեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և օրվա հրամայականն է` ԼՂ-ում զանգվածային ոճրագործություն թույլ չտալը։
Նյու Յորքում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սաուդ Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահ Ալ Սաուդի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացրելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված հերթական ագրեսիան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ նրանք պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում մեկնարկել է հանդիպումն Արցախի ու Ադրբեջւանի ներկայացուցիչների միջև։