Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Կառուցողական քննարկում է եղել. Ադրբեջանը՝ Եվլախի բանակցությունների մասին

Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը Եվլախում տևել է մոտ երկու ժամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ հարցի շուրջ Եվլախում անցկացված բանակցությունները կառուցողական են անցել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Եվլախում ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացել է Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը:
Նշվում է, որ Եվլախի հանդիպման արդյունքում ադրբեջանական կողմը դրական է արձագանքել Ղարաբաղի հայերինմարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքին: Խոսքը, մասնավորապես, սննդամթերքի և վառելիքի մասին է։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմում նշել են, որ մարդասիրական օգնության և վառելիքի մատակարարումները կսկսվեն մոտ ժամանակներս։
Կապահովվի ջեռուցումը մանկապարտեզներում և դպրոցներում, ինչպես նաև շտապօգնության և հրշեջ մեքենաների բնականոն աշխատանքը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։