Գործելու ենք կոշտ և պողպատե մանդատին համապատասխան․ Փաշինյանը՝ ակցիաների մասին

Բողոքի ակցիա Երևանում
Նիկոլ Փաշինյանը հորդորեց օրենքի գծերը չանցնել՝ հավելելով, որ իրենք սիրում են հայրենակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր իրենց հայհոյում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում բողոքի ակցիա անողներին զգուշացնում է՝ գործելու են կոշտ, բայց օրենքին, իրավունքին և պողպատե մանդատին համապատասխան։ Նա այդ մասին հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Երևանում ընթացող ցույցերին։
Նա նշեց, որ Երևանում բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը ՀՀ նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ ԼՂ բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են։
«Ով ուզում է լինի, շատ կոշտ և օպերատիվ է լինելու արձագանքը։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիները ավելի կոշտ ու օպերատիվ արձագանք են ուզում։ Լինելու է։ Բայց գծեր կան, որ նրանք ուզում են հատել։ Որոշների կողմից բռնություն գործադրելու նպատակն այն է, որ իրավապահներն ինքնատիրապետումը կորցնեն և Երևանում արյուն հեղվի»,- ասաց Փաշինյանը։
Նա հորդորեց օրենքի գծերը չանցնել՝ հավելելով, որ իրենք սիրում են հայրենակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր իրենց հայհոյում են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։