Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ

Պատգամավորները ԵՄ-ին կոչ են անում միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումներ և նոր պատերազմ թույլ չտալու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի համար: Տեղեկությունըգրել է Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա)։
«Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ աջակցել են ինձ և պահանջում են, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Իլհամ Ալիևի ռեժիմի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա նրա հարձակման համար», - գրել է Լուազոն:
Նրա հրապարակած նամակում պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումներ և նոր պատերազմ թույլ չտալու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։