ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ երկրներն այժմ գնահատում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, իսկ Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան: Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա) հայտնել էր, որ Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական ագրեսիայի համար:
««Ցանկացած պատժամիջոց ընդունում են ԵՄ անդամ պետությունները։ Այժմ գնահատվում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները... Այս պահին չկան որոշումներ այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կարող են ընդունվել», - ասել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։