«Եկեք, վերցրեք դրանց». Երևանում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին

Ոստիկանները քաղաքացիներին բառի բուն իմաստով խցկում են ոստիկանական մեքենաների մեջ, որտեղ արդեն տեղ չկա։
Sputnik
Ոստիկանները Երևանի փողոցներում սկսել են հատուկ գործողություններ իրականացնել։ Այս պահին լարված իրավիճակ է Չարենցից դեպի Հերացի տանող ճանապարհին։ Այստեղ ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձում են բացել փողոցը, քաղաքացիների են բերման ենթարկում։
Հանրապետության հրապարակից հարյուրավոր ցուցարարներ տարբեր ուղղություններով շարժվեցին 4 ուղղությամբ` փակելով կենտրոնական փողոցները։
Գործելու ենք կոշտ և պողպատե մանդատին համապատասխան․ Փաշինյանը՝ ակցիաների մասին
«Եկեք, վերցրեք դրանց»,– բղավեց ոստիկաններից մեկը, ու դրանից հետո մեծ թվով ոստիկաններ սկսեցին քաղաքացիներին քաշելով տանել։
Ոստիկանները քաղաքացիներին բառի բուն իմաստով խցկում են ոստիկանական մեքենաների մեջ, որտեղ արդեն տեղ չկա։
Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ բերման ենթարկվածների թվում նաև կին կա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացվում։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Այնուհետև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին առաջարկեց քայլերթ սկսել և փողոցներ փակել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։