Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև. Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է

Կառավարության շենքի դիմաց ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին Երևանի Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ցուցարարներից մի քանիսը ոատիկանների ուղղությամբ շշեր նետեցին։
Իրավիճակը լարվեց, ոստիկանները սկսեցին մարդկանց բերման ենթարկել։
Կառավարության շենքի մոտ ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել, հորդորում են ցուցարարներին անօրինական գործողություններ չանել։
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ Արցախի բարբառով «համոթ» են բղավում` կոչ անելով իրենց միանալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացվում։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Այնուհետև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին առաջարկեց քայլերթ սկսել և փողոցներ փակել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։