ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իշխանափոխությունն օրերի հարց է։ Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։ Նա կոչ արեց ուսանողներին վաղվանից սկսել դասադուլ, ստիպել, հորդորել դասախոսներին միանալ իրենց։
«Առավոտյան ժամը 7։30-ից պետք է սկսել անհնազանդության ակցիաներ և փողոցներ փակել»,– ասաց Թևանյանը։
Նա շեշտեց` բախումների պետք չէ գնալ, երբ զգում են, որ ինչ–որ փողոցում խնդիրներ կան, մանր խմբերով ցրվել և հարակից փողոցները փակել։
«Խնդիրը ձերբակալվելը, բերման ենթարկվելը չէ, խնդիրը մեր բողոքը ցույց տալն է»,– նշեց Թևանյանը։
Նա դիմեց հանրապետության խոշոր գործարարներին` կոչ անելով չխոչընդոտել գործադուլ հայտարարող աշխատակիցներին, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին զգուշացրեց` եթե հանկարծ խանգարեն աշխատակիցներին, բոլոր հավաքվածներով նրանց գրասենյակներ կգնան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։