Արարատ Միրզոյանը ԼՂ–ում ստեղծված իրավիճակը քննարկել է Իգնասիո Կասիսի հետ

ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործության կանխման և ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն՝ ընդգծելով տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված դերակատարների կողմից համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը։
Կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովումը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք գործունեության ապահովումը, որը խաթարվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին նախատեսվող ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։
Նշենք, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: