Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները քննարկել է ալբանացի գործընկերոջ հետ

Իգլի Հասանին ու Արարատ Միրզոյանը
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ուժի կիրառումը պետք է միատեսակ դատապարտվի ամենուր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին խոսել է Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ Միրզոյանը նշել է, որ այն հաջորդում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 9 ամիս տևած արգելափակմանը, որի նպատակը ևս ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելն էր։ Նախարարն իր գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը պետք է միատեսակ դատապարտվի ամենուր»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ալբանիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման հարցեր՝ երկուստեք արձանագրելով մի շարք ուղղություններով համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։