ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է, հետևաբար պետք է համախմբվել համազգային մեկ հանձնառության շուրջ։ Այս հայտարարությունն արել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
«Դանակը ոսկորին է արդեն հասել։ Հետևաբար Անթիլիասի մայրավանքից համազգային զորաշարժի կոչ ենք ուղղում։ Այլընտրանք չկա»,– ընդգծել է կաթողիկոսը։
Նա նշել է, որ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի ողջ հայությունը պետք է ոտքի կանգնի, ինչպես նաև պետք է տեղի ունենա համազգային հանդիպում ՀՀ պետական, քաղաքական, հոգևոր ու հասարակական գործիչների մասնակցությամբ և կազմվի իրատես ու խոհուն մոտեցումով նոր ռազմավարություն։
Արամ Առաջինը շեշտել է` Արցախն այսօր գտնվում է մահվան դեմ հանդիման։
«Արեցինք զիջումներ, վարեցինք բանակցություններ, կատարեցինք հայտարարություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտիկ ու հեռու բարեկամների դռները, սակայն ոչինչ չփոխվեց, և ոչ ոք զորավիգ չեղավ մեր իրավունքներին։ Փոխարենը Ադրբեջանն ավելի արյունալի ու կատաղի շարունակեց իր պատերազմը հայ ժողովրդի դեմ` զենքով ու քարոզչությամբ` դառնալով ավելի անգութ, հարձակողական ու պահանջկոտ»,– ասել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` այլևս հնարավոր չէ հարմարվել պարտադրված այս իրավիճակին, ու եթե չկարողանանք փրկել Արցախը, վաղը ՀՀ–ն կարող է նմանօրինակ կացության մեջ գտնվել։
«Հայաստանն անտարբերության և անորոշության ամպերով է ծածկված, իսկ արնաքամ լինող Արցախը շարունակում է մնալ պատնեշի վրա։ Արցախը ՀՀ անվտանգության, ամբողջականության և անկախության պաշտպանության առաջին ճակատն է։ Պետք է այն ամեն գնով ամուր պահել ու չենք կարող ուղղակի հանդիսատես մնալ վտանգներով լի այս իրավիճակում»,– ընդգծել է Արամ Առաջինը
Նա հայ ժողովրդին հորդորել է լինել զգույշ, արթուն ու հեռատես, վստահել միայն սեփական ուժին, քանի որ մեր ազգի ուժն իր հավաքական ուժի ու միասնականության մեջ է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։