Սոցցանցերում բռնության կոչերի համար ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Միջոցներ են ձեռնարկվում բռնության կոչեր հնչեցրած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սոցցանցերում հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով ֆեյսբուքյան օգտատեր Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը հայտում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Վահան Լորեցյան» անունով էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։
«Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել… Կազմակերպել ոտքի: Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»,– գրել է օգտատերը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելը) հատկանիշներով, որի շրջանակում որոշվել է ձերբակալել Վահան Լորեցյանին։
Կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում են նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սոցցանցային գրառումների համար որոշվել է ձերբակալել նաև օգտատերեր Անի Կարապետյանին և Խաչիկ Հակոբյանին, «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբեր 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։
Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցների մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. ՔԿ