ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել Ադրբեջանի կողմից լիարժեք հրադադար և ղարաբաղցի հայերի նկատմամբ անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք ապահովել: Այս մասին ԵԽ նախագահը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է, որ այդ թեմայով Ալիևի հետ խոսել է առավոտյան հեռախոսազրույցի ընթացքում։
«Ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորվեն։ Անհրաժեշտ է անհապաղ ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը»,–գրել է Միշելը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: