ՌԴ խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը և տեղավորում ռուսական խաղաղապահ զորակազմի բազային ճամբարում: Տեսանյութը հրապարակել է Zvezdanews–ը։
Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր շրջաններից ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակչի (նրանցից 1049–ը երեխաներ են):
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ մոտ 7000 բնակիչ է տարհանվել Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական բնակավայրերից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: