ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և վայրագությունները կանգնեցնելու համար միջազգային հրատապ միջամտություն է անհրաժեշտ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ։
«Պետքարտուղար Բլինկենի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ հրատապ միջազգային միջամտություն է պահանջվում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և վայրագ հանցագործությունները կասեցնելու համար»,– նշված է Արարատ Միրզոյանի X–ի միկրոբլոգում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հարավային Կովկասի ապակայունացմանն ուղղված բոլոր քայլերը պետք է կանխվեն։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: