Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԿԽՄԿ–ն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել

Անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նրա խոսքով` անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից, նոր խմբաքանակ Հայաստանից կամ այլ ճանապարհով Արցախ չեն հասցրել։ Կարիքները կդիտարկվեն ըստ անհրաժեշտության։
«Շատ կարևոր է կողմերի համաձայնությունը, որ հնարավոր լինի անհրաժեշտ պարագաները անվտանգ Արցախ հասցնել։ Փորձում ենք կապը պահել, երկխոսության ընթացքում հասկանալ կարիքները։ Այս պահի դրությամբ կարողացանք տրամադրել միայն այս փոքր աջակցությունը»,–ասել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։