Հանրապետության հրապարակում կրկին լարված իրավիճակ է։ Ոստիկանական նոր ուժեր են բերվել, որոնք քաղաքացիների են բերման ենթարկում։
Քաղաքացիներն այս պահին աղբամաններով փորձում են արգելափակել Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա տան ճանապարհը։ Վանկարկում են «Արցախ»։
Այս պահին Հանրապետության հրապարակում են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը` Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան ՀՀ քաղաքացիներին բերել էր ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։
Բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների ու ոստիկանական ուժերի միջև բախումների հետևանքով եղան տուժածներ ու բերման ենթարկվածներ։
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։