ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ հարձակման հետևանքների վրա։ Նա գրառում է արել X սոցցանցում (նախկինում Twiter) և լուսանկար հրապարակել` ցույց տալով Ստեփանակերտի օդանավակայանում ճարահատյալ սպասող մարդկանց։
«Սա Ստեփանակերտի օդանավակայանն է, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական էթնիկ զտումների հետևանքով ժողովուրդը հավաքվել է Լեռնային Ղարաբաղի գյուղերից։ Եվ դուք սա հանդուրժում եք»,– գրել է Մարուքյանը։
Նա հրապարակման մեջ նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը բնակչությանը հորդորել էր չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չգնալ օդանավակայան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: