ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հռոմի ստատուտը, որը ՀՀ կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման, վարչություններում փորձաքննության է ենթարկվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նշվում է, որ խորհրդարանում այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ` իրավական փորձաքննության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն հայտնաբերվել, սակայն նշվել է, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքը նախագծին կից ներկայացված չէ։
«Միաժամանակ նշված է, թե միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ կիրառված են մի շարք հասկացություններ և եզրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կերպ են ձևակերպված կամ սահմանված։ Մյուս փորձաքննության արդյունքների հետ կապված դիտողություններ չեն եղել»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։