Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցների մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. ՔԿ

Քննչական կոմիտեի հաղորդմամբ` 3 մասնակիցների մոտ հայտնաբերվել են դանակներ, նրանք ձերբակալվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նրանք ձերբակալվել են։
«Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բողոքի ակցիայի 3 մասնակիցները ձերբակալվել են։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։