Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հայաստանն ադրբեջանական ագրեսիայի մասին ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին

Արդարադատության միջազգային դատարան
Ծանուցման մեջ նշվել է նաև Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով անդառնալի կորստի ռիսկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների վերաբերյալ ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին։ Տեղեկությունը հրապարակվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը երեկ դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։